Լեհաստան մուտք գործող օտարերկրացիներից պահանջվող ֆինանսական միջոցների առկայություն
Լեհաստանի տարածք մուտք գործող օտարերկրացիներից պահանջվող ֆինանսական միջոցների առկայությունը, կամ նման միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև նախատեսվող այցի նպատակն ու ժամկետը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ ներքին գործերի նախարարի` 2015 թ. փետրվարի 23-ի որոշման և 2013 թ. դեկտեմբերի 12-ի օտարերկրացիների մասին օրենքի համաձայն (Օրենքների ժողովածու, 2020 թ., կետ 35)` յուրաքանչյուր օտարերկրացի պարտավոր է ունենալ բավարար ֆինանսական միջոցներ`
- այս տարածքում նրա կացության.
- ծագման կամ բնակության երկիր վերադարձի,
- մուտքի թույլտվություն տրամադրած երրորդ երկիր տարանցիկ մուտք գործելու
ծախսերը հոգալու համար,
ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը, որոնք
- կարող են հաստատել օրինական եղանակով վերոնշյալ ֆինանսական միջոցների ստացման հնարավորությունը,
- կարող են հաստատել օտարերկրացու կողմից նախատեսված այցի նպատակն ու տևողությունը, եթե կախված նախատեսված այցի նպատակից ու տևողությունից, փոփոխության է ենթարկվում անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը:
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԸ
Լեհաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրացին պարտավոր է ունենալ նվազագույնը.
- 300 զլոտի, եթե նախատեսված այցի տևողությունը չի գերազանցում 4 օրը,
- 75 զլոտի նախատեսված այցի յուրաքանչյուր օրվա համար, եթե նախատեսված այցի տևողությունը գերազանցում է 4 օրը,
կամ համարժեք գումարն`արտարժույթով:
Լեհաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրացին, ով
- զբոսաշրջային միջոցառման, երիտասարդական ճամբարի, սպորտային մրցումների մասնակից է,
- նրա կացության ծախսերը Լեհաստանի Հանրապետության տարածքում արդեն վճարված են,
- ժամանում է բուժառողջարանային հաստատություններ,
- մասնակցում է ծրագրի, որն ընձեռում է Լեհաստանի Հանրապետության տարածքում արձակուրդային աշխատանքի հնարավորություն, ինչը չի հանդիսանում տվյալ անձի այցի հիմնական նպատակը` համաձայն միջազգային համաձայնագրի, որի կողմ է հանդիսանում Լեհաստանի Հանրապետությունը,
պարտավոր է ունենալ 20 զլոտի նախատեսված այցի յուրաքանչյուր օրվա համար, սակայն ոչ պակաս, քան 100 զլոտի, կամ համարժեք գումարն`արտարժույթով:
Բուհական ուսուսմնառության կամ ուսման շարունակման, գիտական հետազոտություններին կամ դասընթացներին մասնակցության, զարգացման աշխատանքների իրականացման, ինչպես նաև դպրոցում ուսումնառության կամ ուսման շարունակման նպատակով Լեհաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրացին պարտավոր է ունենալ
- նախատեսվող այցի առաջին երկու ամիսների համար առնվազն 1086 զլոտի կամ համարժեք գումարն`արտարժույթով:
ԾԱԳՄԱՆ ԿԱՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱՄ ԱՅՍ ՏԱՐԱԾՔՈՎ ՄՈՒՏՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՐ ՏԱՐԱՆՑԻԿ ՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԸ
Օտարերկրացին պարտավոր է ունենալ ֆինանսական միջոցներ, որոնք համարժեք են Լեհաստանի Հանրապետություն ժամանման տոմսին, սակայն պետք է լինեն ոչ պակաս, քան.
1․ 200 զլոտի, եթե օտարերկրացին ժամանում է Լեհաստանի Հանրապետության հարևան երկրից,
2․ 500 զլոտի, եթե օտարերկրացին ժամանում է 1-ին կետում չնշված Եվրամիության անդամ պետությունից,
3․ 2500 զլոտի, եթե օտարերկրացին ժամանում է Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունից․ վերաբերում է Հայաստանից ժամանող օտարերկրացիներին,
կամ համարժեք գումարն`արտարժույթով։
ՕՐԻՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Պահանջվող ամբողջական ֆինանսական միջոցների՝ օտարերկրացու կողմից ձեռքբերման հնարավորությունը հաստատող փաստաթղթեր են (Լեհաստանի Հանրապետության տարածքում կացության ծախսերը, ծագման կամ բնակության երկիր վերադարձի ծախսերը կամ այս տարածքով մուտքի թույլտվություն տրամադրած երրորդ երկիր տարանցիկ մուտքի համար ծախսերը հոգալու համար)՝
1․ ճանապարհորդական չեկեր,
2․ կրեդիտային քարտ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված տեղեկանք կրեդիտային քարտի վրա գտնվող ֆինանսական միջոցների վարկային սահմանաչափի վերաբերյալ․ տեղեկանքը պիտի տրված լինի սահմանանցման օրվանից մեկ ամսից ոչ վաղ,
3․ Լեհաստանի Հանրապետության կամ Եվրամիության այլ անդամ պետության տարածքում գրասենյակ ունեցող բանկում, վարկային միությունում կամ վարկային կազմակերպությունում պահվող վճարման միջոցների առկայության վերաբերյալ տեղեկանք․ տեղեկանքը պիտի տրված լինի սահմանանցման օրվանից մեկ ամսից ոչ վաղ։
Օտարերկրացու կողմից` ծագման կամ բնակության երկիր վերադարձի ծախսերը կամ այս տարածքով մուտքի թույլտվություն տրամադրած երրորդ երկիր տարանցիկ մուտքի համար ծախսերը հոգալու համար պահանջվող ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթուղթ կարող է հանդիսանալ նաև՝
- դեպի այդ երկիր ուղևորությունը հաստատող հետադարձ տոմսը
Բուհական ուսուսմնառության կամ ուսման շարունակման, գիտական հետազոտություններին կամ դասընթացներին մասնակցության, զարգացման աշխատանքների իրականացման, ինչպես նաև` դպրոցում ուսումնառության կամ ուսման շարունակման նպատակով Լեհաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրացու դեպքում կացության ծախսերը հոգալու համար պահանջվող ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթուղթ կարող է հանդիսանալ նաև՝
- տվյալ օտարերկրացուն կրթաթոշակի հատկացումը հաստատող փաստաթուղթ։
ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԵԹԵ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ` ԿԱԽՎԱԾ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԻՑ ՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ
Օտարերկրացու կողմից նախատեսված այցի նպատակը և տևողությունը հաստատող փաստաթղթեր են․
1․ զբոսաշրջային միջոցառմանը, երիտասարդական ճամբարին կամ սպորտային մրցմանը մասնակցությունը հաստատող փաստաթուղթ,
2․ Լեհաստանի Հանրապետության տարածքում կացության՝ առնվազն կեցավայրի և ապրուստի չափով, ծախսերի վճարման ապացույց,
3․ ուղեգիր դեպի բուժառողջարանային հաստատություն։
Բուհական ուսուսմնառության կամ ուսման շարունակման, գիտական հետազոտություններին կամ դասընթացներին մասնակցության, զարգացման աշխատանքների իրականացման, ինչպես նաև` դպրոցում ուսումնառության կամ ուսման շարունակման նպատակով Լեհաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրացու դեպքում նախատեսված այցի նպատակը և տևողությունը հաստատող փաստաթղթեր են․
- Բուհում կրթության սկզբի կամ ուսման շարունակման, գիտական հետազոտություններին, դասընթացներին մասնակցության, զարգացման աշխատանքների անցկացման կամ դպրոցական կրթության սկզբի կամ շարունակման վերաբերյալ տեղեկանք։
D ՏԵՍԱԿԻ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻՆ (ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ, ՓՈՐՁՆԱԿՆԵՐ, ԿԱՄԱՎՈՐՆԵՐ) ՎԵՐԱԲԵՐՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
D տեսակի մուտքի արտոնագրի համար դիմող օտարերկրացիներ, ովքեր
1․ սկսում կամ շարունակում են Լեհաստանի Հանրապետության տարածքում բուհական ուսուցում կամ Լեհաստանի Հանրապետության տարածքում կատարում են գիտակաան հետազոտություններ կամ զարգացման աշխատանքներ,
2․ Լեհաստանի Հանրապետության տարածքում անցնում են պրակտիկա,
3․ Լեհաստանի Հանրապետության տարածքում կամավորական աշխատանք են իրականացնում,
պարտավոր են ունենալ կացության ծախսերը, ծագման կամ բնակության երկիր վերադարձի ծախսերը կամ այս տարածքով մուտքի թույլտվություն տրամադրած երրորդ երկիր տարանցիկ մուտքի համար ծախսերը հոգալու համար բավարար ֆինանսական միջոցներ։
Ծագման կամ բնակության երկիր վերադարձի ծախսերը կամ այս տարածքով մուտքի թույլտվություն տրամադրած երրորդ երկիր տարանցիկ մուտքի համար ծախսերը հոգալու համար նվազագույն ֆինանսական միջոցների չափը կազմում է․
1․ 200 զլոտի, եթե ժամանում է Լեհաստանի Հանրապետության հարևան երկրից,
2․ 500 զլոտի, եթե ժամանում է Լեհաստանի Հանրապետությանը հարևան չհանդիսացող Եվրամիության անդամ պետությունից, Շվեյցարական Համադաշնությունից կամ Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ պետությունից, որը Եվրոպական տնտեսական տարածքի մասին պայմանագրի կողմ է,
3․ 2500 զլոտի, եթե ժամանում է 1-ին և 2-րդ կետերում չնշված պետություններից․ վերաբերում է Հայաստանից ժամանող օտարերկրացիներին,
կամ համարժեք գումարն`արտարժույթով։
Վերոնշյալ չափով ծագման կամ բնակության երկիր վերադարձի ծախսերը կամ այս տարածքով մուտքի թույլտվություն տրամադրած երրորդ երկիր տարանցիկ մուտքի համար ծախսերը հոգալու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ստացման հնարավորությունը հաստատող փաստաթղթեր կարող են լինել․
1․ ճանապարհորդական չեկեր,
2․ կրեդիտային քարտ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված տեղեկանք կրեդիտային քարտի վրա գտնվող ֆինանսական միջոցների սահմանաչափի վերաբերյալ,
3․ Լեհաստանի Հանրապետության տարածքում գրասենյակ ունեցող բանկում, վարկային միությունում կամ վարկային կազմակերպությունում պահվող վճարման միջոցների առկայության վերաբերյալ տեղեկանք,
4․ տվյալ օտարերկրացուն՝ ազգային կամ օտարերկրյա կրթաթոշակի հատկացումը հաստատող փաստաթուղթ․ կիրառվում է Լեհաստանի Հանրապետության տարածքում բուհական ուսուցում սկսող կամ շարունակող կամ Լեհաստանի Հանրապետության տարածքում գիտակաան հետազոտություններ կամ զարգացման աշխատանքներ կատարող օտարերկրացիների դեպքում։
5․ տեղեկանք՝ տրված կազմակերպչական հաստատության կողմից, որի համար օտարերկրացին իրականացնելու է կամավորական աշխտանքներ, ըստ որի ծախսերը վճարվելու են Erasmus+ ծրագրի կամ Եվրոպական համերաշխության կորպուսի (European Solidarity Corpus) շրջանակներում․ կիրառվում է միայն Լեհաստանի Հանրապետության տարածքում կամավորական աշխատանք իրականացնող օտարերկրացիների դեպքում։
Օտարերկրացու և նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների հաշվով կացության ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկումից հետո մնացած ամսեկան ֆինանսական միջոցները, որոնք նախատեսված են օտարերկրացու ապրուստը հոգալու համար, պետք է լինեն սոցիալական աջակցության նպատակով տրվող ֆինանսական միջոցներից (համաձայն 2004 թ. մարտի 12-ի սոցիալական աջակցության մասին օրենքի) ավելի բարձր. ներկայիս` 2020 թ. հուլիսի 8-ի, դրությամբ միայնակ բնակվող անձի դեպքում սոցիալական աջակցության նպատակով տրվող ֆինանսական միջոցների չափը սահմանված է 701 զլոտի, իսկ ընտանիքի անդամի դեպքում` 528 զլոտին:
Հաշվարկման ենթակա վերոնշյալ դրամական միջոցները, որոնք նախատեսված են կեցավայրի ծախսերի համար, պետք է առնվազն ներառեն տվյալ բնակտարածքի շահագործման հետ կապված մշտական ծախսերը` հաշվարկված յուրաքանչյուր բնակչի հաշվով, ինչպես նաև բնակարանի էլեկտրա-, գազա- և ջրամատակարարումը կամ ախտոտությունների և թափոնների հեռացման համար նախատեսված վճարները:
Սա նշանակում է, որ կացության ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկման դեպքում անհրաժեշտ է որպես օրինակ կիրառել ներքոնշյալ հիմքերը.
- վարձակալության պայմանագրի դեպքում` վարձակալողի կողմից վճարվող բնակարանավարձը, կանխավճարը կամ անշարժ գույքի/բնակտարածքի պահպանության վճարները` համատիրությանը կամ բնակարանային կոոպերատիվին (եթե ներառված չեն բնակարանավարձի մեջ), ինչպես նաև` այլ վճարներ, օրինակ` կոմունալ ծախսեր,
- շահագործման մասին պայմանագրի դեպքում` վճարները, օրինակ` կոմունալ ծախսեր, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ,
- բնակտարածքի կամ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դեպքում` հարկեր կամ անշարժ գույքի (բնակտարածքի) հետ կապված վճարներ, ինչպես նաև` այլ վճարներ, օրինակ` կոմունալ ծախսեր,
- հյուրանոցում (հոստելում) բնակվելու դեպքում` կացության օրավարձը,
- ուսանողական հանրակացարանում բնակվելու դեպքում` կառավարչի (ադմինիստրատորի) կողմից սահմանված ամսավճարը, ինչպես նաև` ըստ անհրաժեշտության` գրավը:
Կեցավայրի այլ տարբերակների դեպքում անհրաժեշտ է կիրառել հաշվարկների նմանատիպ հիմքեր: Եթե տվյալ բնակտարածքում բնակվում են մեկից ավելի անձինք, ապա կեցավայրի ծախսերը բաշխվում են անձանց քանակին համաչափ:
Վերոնշյալ նպատակներով (ուսում, գիտական հետազոտությունների իրականացում, պրակտիկա, կամավորական աշխատանքներ) D տեսակի մուտքի արտոնագրի համար դիմում ներկայացնող օտարերկրացին պարտավոր է ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնց հիման վրա հյուպատոսը կկարողանա սահմանել կացության ծախսերը և գնահատել, արդյոք օտարերկրացու տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցները բավարար են ճանապարհածախսը, ապրուստի (վերը նշված նվազագույն արժեքների համաձայն) և կացարանի ծախսերը հոգալու համար: Եթե վերոնշյալ փաստաթղթերը արտոնագրային դիմում-հայտի հետ չեն ներկայացվել, ապա դիմորդն ունի 14 օր դրանք համալրելու համար:
Այն պարագայում, եթե հնարավոր չլինի վերոնշյալ ձևով ապրուստի ծախսերը հաշվարկել, ապա անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու համար վերը թվարկված հանգամանքներում օտարերկրացին պարտավոր է առաջնորդվել օտարերկրացիներին ներկայացվող ընդհանուր պահանջներով, այսինքն` վերը հիշատակված Լեհաստանի տարածք մուտք գործող օտարերկրացիներից պահանջվող ֆինանսական միջոցների առկայությունը, կամ նման միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև նախատեսվող այցի նպատակն ու ժամկետը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ ներքին գործերի նախարարի` 2015 թ. փետրվարի 23-ի որոշման համաձայն, այնքանով, որքանով դա առնչվում է օտարերկրացիների որոշակի խմբերին (օրինակ` ուսանողների, գիտնականների կամ այլ օտարերկրացիների)` հաշվի առնելով նաև այն պայմանները, որոնցում օտարերկրացին գտնվելու է Լեհաստանում (օր.` պրակտիկայի կամ կամավորության անցկացման պայմանները, այնքանով, որքանով դրանք վերաբերում են ապրուստի ծախսերին, ֆինանսական աջակցությանը և այլն):